ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակայանը խորհրդարանում հայտարարեց, որ «ծխախոտը բերաններում, ալհոկոլը ձեռքներին՝ ծնողները մաղթում են իրենց երեխաներին երկար տարիների կյանք՝ միևնույն ժամանակ վնասելով նրանց առողջությունը»:
«Չեմ ուզում հավատալ, թե կա ծնող, որը կցանկանա, որ իր երեխան ծխող դառնա: Ինչպես ասում է մեր գործընկեր Մանե Թանդիլյանը՝ «երեխայի մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ տեսնում է, որ ծնողը, ծխախոտը բերանին, խորհուրդ է տալիս չծխել»,- նշեց նա:
Ջուլֆալակյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ մարդկային ինքնագիտակցության ու ինքնակարգավորման վրա հիմնվելով՝ այս հարցը չի լուծվի, հետևաբար պետությունը պիտի կրթի, դաստիարակի, որոշ դեպքերում էլ արգելի արատավոր երևույթները:
«Եթե բարդ է տարիներ շարունակ ծխողին համոզել, ստիպել, բացատրել, որ նա թարգի ծխելը, ապա մեզ համար պետք է գերխնդիր լինի երիտասարդ սերունդներին բացատրել, որ ծխելը վատ է, այն մոդայիկ չէ, վնաս է առողջությանը և ուժի դրսևորում չէ: Երեխաների աչքում ծխելը պետք է լինի անսովոր երևույթ: Վստահ եմ՝ մենք ճիշտ ճանապահին ենք, և պետք չէ առաջ քաշել այն հանգամանքը, որ սա տնտեսությանը վնաս կհասցնի: Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ առողջ քաղաքացին ավելի շատ տնտեսական արժեք է ստեղծում, քան ծխախոտից եկած եկամուտը, որից մի մեծ հատված մենք ուղղում ենք ծխախոտից վնասված մեր քաղաքացիների առողջությանը: Կոչ եմ անում, որ կողմ քվեարկենք օրենքին»,- ասաց Ջուլֆալակյանը: