Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում։
Մասնավորապես պարզվել է, որ 2013-2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։
Բացի դրանից՝ ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։
Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։