Ազգային ժողովում այսօր քննարկել և երկրորդ ընթերցմամբ՝ կողմ 92, դեմ 12 ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Գործող կարգավորմամբ, անկախ այն հանգամանքից՝ մեքենան վարում են մե՞կ պետհամարանիշով, թե՞ առանց պետհամարանիշի, գործում է նույն վարչական տույժը՝ մեկ տարով զրկում: Նախագծով առաջարկվում է մեկ համարանիշի բացակայության դեպքում տույժը փոխարինել 20 հազար դրամով և երկու տուգանային բալով:
Պապոյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ստացել են մեկ առաջարկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Առաջարկվում էր սահմանել միայն վարչական տուգանք, իսկ բալին վերաբերող մասը հանել: Պատգամավորը տեղեկացրել է, որ նախագծի շուրջ քննարկումների ընթացքում որոշվել է, որ ամեն դեպքում բալային միավորներին վերաբերող մասը պետք է մնա: Պապոյանը նշել է, որ կարող են դեպքեր լինել, երբ վարորդները դիմացի մեկ համարանիշը միտումնավոր կարող են հանել և ինչ-որ տարածքում սկսեն արագ վարել: Արդյունքում, ըստ պատգամավորի, վտանգավոր խախտումներ կկատարեն և կպատժվեն ավելի քիչ: «Եթե վարորդը 100 հազար դրամի խախտում կատարի, դրա փոխարեն 20 հազար դրամով ընդամենը գործը կավարտեն: Գիտի, որ հաջորդ 80 կմ-ում արագաչափերը միայն դիմացից են նկարահանում»,- նկատել է պատգամավորը: