ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով հաստատում է Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովի արդյունքը: Բանաձևով ՄԱԿ-ի ԱԽ-ն վերահաստատում է իր աջակցությունը Լիբիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հանդես է գալիս անհապաղ հրադադարի կոչով՝ առանց նախապայմանների: Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում բոլոր միջազգային ուժերին՝ չխառնվել Լիբիայի ներքին գործերին:
Միացյալ Թագավորության հեղինակած փաստաթղթին աջակցել են 14 երկիր: Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից՝ փոխանցում է RT-ն:
Ավելի վաղ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Մոսկվան հույս ունի՝ ՄԱԿ-ում հաշվի կառնեն իր դիրքորոշումը, երբ Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի Լիբիայի վերաբերյալ:
Դատելով քվեարկության արդյունքից, ԶԼՄ-ները եզրակացնում են, որ Մոսկվայի դիրքորոշումը կամ չի ընդունվել, կամ մասամբ է հաշվի առնվել: