Դրեյփերի համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար հայտարարված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կրթական ծրագիրը հնարավորություն կտա հայ ձեռնարկատերերին՝ սովորելու Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում:
Փետրվարի 13-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի է ունեցել ծրագրի՝ գարնանը համալսարանում ուսանելու հաղթողների ընտրության եզրափակիչ փուլը: Նույն օրը համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև, որը նախատեսում է մի շարք համատեղ ծրագրերի իրականացում:
Պայմանագրի ստորագրմանը նախորդել է սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում հուշագրի ստորագրման արարողությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և Դրեյփերի համալսարանի ներկայացուցիչներին՝ համալսարանի նախագահի գլխավորությամբ, որոնք այս օրերին Հայաստան են ժամանել մրցույթի եզրափակիչ փուլին ներկա գտնվելու և հաղթողներին ընտրելու համար:
Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է Դրեյփերի համալսարանի նախագահի հետ հանդիպման մանրամասներին:
«Հայ ինժեներների պատասխանատվությունը կարևոր առանձնահատկություն է. եթե հայերը մի բան ասում են, որ կանեն, ուրեմն՝ անում են: Եվ դա անում են ժամանակին և մեծագույն պատասխանատվությամբ: Սա կարևոր, բացառիկ հատկանիշ է, որի մասին աշխարհում խոսում են, և խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Դրեյփերի համալսարանի նախագահն է: Դա նշանակում է, որ շատ շատերը Հայաստանն ընտրելու են, որովհետև մենք պատասխանատու ենք»,- ընդգծել է նախարարը:
Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմը շնորհակալություն է հայտնել բարձր տեխնոարդյունաբերության նախարարությանն արդյունավետ համագործակցության համար:
«Սովորաբար պետական կառավարման մարմինների հետ աշխատանքը շատ երկար է տևում, բայց Հայաստանի հետ համագործակցությունը բավականին արագ ստացվեց: Սա, կարելի է ասել, կառավարության հետ համատեղ ամենաարագ իրականացված ծրագիրն է մեր պրակտիկայում: Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև այս կամուրջը՝ ոգևորելու և ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ և զարգացնեն իրենց միջավայրը»,- նշել է նա:
Դրեյփերի համալսարանում սովորելու պետական կրթաթոշակ ստանալու համար ստացվել էր 109 հայտ, որոնցից 5-ը՝ «ForestGuard», «eSwap», «Yolo», «OORES», «ForheFiction», արժանացան հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ էր սպասվում Դրեյփերի համալսարանի կողմից. «Robin», «Cerebrus», «Garoon» ծրագրերի հեղինակները ստացան կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:
Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ այս տարի Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի: Մեկ այլ ծրագրով 30 հայ ձեռնարկատեր կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցելու:
Այս տարի կբացվի նաև հայ ձեռնարկատերերի մշտական ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որը կհամախմբի ոլորտի հայ մասնագետներին Հայաստանի սահմաններից դուրս: