Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա են մեծ հեռանկարներ ու առաջընթաց ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային, միջազգային համագործակցության բնագավառներում:
Փոխարտգործնախարարը նշել է, որ ըստ որոշ հաշվարկների՝ Ռուսաստանում ապրում են 2,5 միլիոնից ավելի հայեր, և համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում՝ սկսած բիզնես ոլորտից մինչև առողջապահություն և այլն: Նա նաև իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ակտիվորեն աշխատել հայ համայնքի հետ տարաբնույթ ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ սա իր երրորդ այցն է Ռուսաստան, որտեղ հայ համայնքը մեծ է, բազմազան ու բազմաշերտ և Հայաստանի համար ռազմավարական գործընկեր պետությունում նշանակալի կարևորություն ունի՝ իր դրական ավանդը ներդնելով նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների սերտացման գործում: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Ռուսաստանում հայերը լիովին ինտեգրված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն միևնույն ժամանակ ամուր կապերով կապված են իրենց հայրենիքին:
Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությանը:
Զարեհ Սինանյանը կարևորել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:
Հաշվի առնելով հայկական սփյուռքի հետ արդեն ավանդական դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունել է այս առաջարկը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցության համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ:
Զարեհ Սինանյանի այցը կշարունակվի մինչև փետրվարի 18-ը: Այցի շրջանակներում հանդիպումներ կլինեն հայ համայնքի ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակութային գործիչների և լրագրողների հետ: