Իրանագետ Ահարոն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Իրան-ԱՄՆ հարաբերությունների և հնարավոր զարգացումների վերաբերյալ:
«Հետևելով իրանական իշխանությունների ներքին խոսույթին, հռետորաբանությանը և ընտրած կուրսին, կարող ենք ասել, որ վերջիններս ամեն կերպ փորձում են այնպես անել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այսպես ասենք, վերընտրվելու հավանականությունը չափազանց բարդանա. պատկերավոր ասած՝ փորձ է կատարվում ազդել ամերիկյան ներքաղաքական կյանքի վրա, կամ՝ ունենալ ազդեցություն նախագահական ընտրություններում։
Դրան հասնելու համար իրանական ռազմաքաղաքական ղեկավարությունը գործում է բավականին բազմազան, խիստ համակարգված և հետևողական։
Այսպես, օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Հաջիզադեն, ասելով, որ դեռևս 2019թ. ամռանը խոցված ամերիկյան Global Hawk Rq-4A տեսակի ԱԹՍ-ի ծածկագրերն ամբողջովին վերծանված են, և իրենք կարող են վերահսկել այդ տեսակի գրեթե բոլոր ԱԹՍ-ները։ Եթե սա համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ առնվազն Իրանի ազդեցության տակ գտնվող գոտիներում այդ տեսակի ԱԹՍ առկայությունն այլևս անիմաստ է դառնում։
Հաջորդիվ հայտարարվեց, որ Այն ալ-Ասադում, ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը զոհեր ունի, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի մոտ օրերս։ Եթե այս տեղեկատվությունը տարածվի, ապա ներկայիս հետճշմարտային աշխարհում դրա իրական լինել-չլինելն այդքան էլ կարևոր չի լինի, և էական հարված կհասցվի Դոնալդ Թրամփի վարկանիշին։
Այնուհետև, Թրամփին և իր վարած քաղաքականությունը քննադատելու հերթը հասավ դիվանագետներին՝ ԱԳՆ, ԱԺ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նախագահ, ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական և, ի վերջո, Հոգևոր առաջնորդ։ Իսկ փորձագիտավերլուծական տիրույթն այս ամենը շատ արհեստավարժ կերպով ռեալիզացնում է։
Փաստորեն, իրանական կողմը իրացնում է, այսպես ասած, Թրամփին փչացնելու քաղաքականություն՝ կիրառելով մեկ անգամ խաղարկված պարտիա դեռևս Իսլամական հեղափոխության արևածագին, և եթե ստացվի, սա կլինի երկրորդ հաջողված պարտիան։
Փաստորեն, ինչ-որ առումով, Իրանը va banque է գնում, քանի որ չստացվելու և Դ. Թրամփի վերընտրվելու դեպքում վերջինս, հավանաբար, կհիշի վերոնշյալ բոլոր դեպքերն ամբողջ մանրամասնությամբ, դեռ մի բան էլ՝ վրադիր»,- գրել է իրանագետը։