Թուրքիան ջանքեր է գործադրում Երուսաղեմի հին քաղաքում հայկական թաղամասը զավթելու համար: Սուրբ հողի վրա բնակվող հայերին մտահոգող թեմային է անդրադարձել Jewishpress պարբերականը: Թուրքիան նպատակաուղղված ակտիվ գործունեություն է ծավալում Երուսաղեմի Հին քաղաքի հայկական և ընդհանրապես քրիստոնեական թաղամասերը գրավելու գործում: Այս մասին հոդվածագրին հաղորդել են հայ բնակիչները, որոնց խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին փորձում են համոզել իրենց՝ ժխտել Հայոց ցեղասպանությունը:
Թուրք դիվանագետներից մեկն այցելել է Երուսաղեմում փոքր թանգարան ունեցող հայ ընտանիքին, որտեղ պահվում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հազարավոր լուսանկարների ու փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու: Թուրքիայի իշխանության ներկայացուցիչը փորձել է հայերին համոզել դադարեցնել իրենց գործունեությունն ու խուսափել Ցեղասպանության թեմայով փաստաթղթերի ու տեղեկատվության տարածումից: Հայ ընտանիքի խոսքով՝ հայերը կսպասեն ևս 100 տարի, սակայն հետ չեն կանգնի փոխհատուցման իրենց պահանջից, մինչև վճարման պայմանագիր չկնքվի, ինչպես Գերմանիան է ստորագրել Իսրայելի հետ:
Թուրքական կողմի՝ հայերին համոզելու փորձերը ներառում են ֆինանսական դրամաշնորհների առաջարկներ: Հայկական թաղամասում բնակվող հայերի հավաստմամբ՝ Թուրքիայի իշխանությունները վերջերս առաջարկել էին 3 հազար դոլար դրամաշնորհ տարբեր կարիքների համար, սակայն բոլոր հայերը հրաժարվել են՝ նշելով, որ դրանք «լռեցնող դրամաշնորհներ են»:
Իսրայելական պարբերականը գրում է առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության օրոք հայկական տարածքներում հայերին միտումնավոր ու կանոնավոր կերպով ցեղասպանության ենթարկելու մասին: Նույնիսկ պատերազմից հետո մինչև 1923 թվականը թուրքերը, քրդերն ու արաբները շարունակել են հայերի սպանությունները:
Երուսաղեմում հայկական թաղամասերը զավթելու վառ օրինակ է այն փաստը, որը ամիսներ առաջ հայկական տներից մեկն իրական արժեքից երեք անգամ թանկ վաճառվել է մուսուլմանի: Հարցումների արդյունքում պարզվել է, որ գնումը ֆինանսավորել է Թուրքիան: Երուսաղեմի հայերը մտավախություն ունեն, որ թուրքական կողմը կարող է գնել հայերի սեփականությունները:
Երուսաղեմում Թուրքիայի ակտիվությունն ու մուսուլմաններին ցուցաբերվող մեծ աջակցությունը լրջորեն մտահոգում է Իսրայելին: Հրեական երկրում բազմիցս բարձրացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը՝ ի պատասխան Իսրայելի դեմ Թուրքիայի ակտիվ գործողություններին: Պարբերականը գրում է, որ Իսրայելի իշխանություններին վախեցնում է այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լրջորեն վնասել Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները: