Թուրքիան թաքցնում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության վկայությունները: Այս մասին հայտնել է Թաներ Աքչամը: Al Аrabiya պարբերականի հաղորդմամբ՝ թուրք պատմաբանը պնդում է, որ Թուրքիայի կառավարությունը թաքցնում է պատմական հեռագրերը, որոնք կարող են տեղեկություն հաղորդել Հայոց ցեղասպանության մասին: Al Аrabiya-ն հիշատակում է, որ 1915-1917 թվականներին 1.5 միլիոն հայեր սպանությունը ցեղասպանություն է, ինչը ճանաչել է 30 երկիր:
Թաներ Աքչամի հավաստմամբ՝ Թուրքիան ամեն օր միտումնավոր թաքցնում է բոլոր վկայությունները: Al Аrabiya-ի հետ զրույցում թուրք պատմաբանը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը տեղյակ է եղել Ցեղասպանությանը վերաբերող հեռագրերի գոյության մասին, քանի որ 1919 թվականին Ստամբուլում դրանք օգտագործվել են պետական ռազմական տրիբունալներում:
«Այդ ռազմական տրիբունալներում դատախազները մեղադրական եզրակացություններ ու դատավճիռներ են գրել՝ հիմնվելով հենց այդ հեռագրերի վրա»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է Թաներ Աքչամը:
Թուրք պատմաբանն այդ փաստաթղթերը հայտնաբերել է մասնավոր, և ոչ թե պետական արխիվներում: Թաներ Աքչամի հավաստմամբ՝ Թուրքիայում կան մարդիկ, որոնք պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
«Սա թուրքական քաղաքացիական իրավունքի շարժման, Թուրքիայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության պայքարի մաս է կազմում»,- ասել է Թաներ Աքչամը: