ՀՀ քաղաքացի տաղանդավոր երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։ Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 25 տարեկանն է: Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 27 տարեկանն է: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 10-ի դրությամբ: Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2019 թվականին: Գրականության բնագավառում ընդունվում են արձակ (պատմվածք, վիպակ, վեպ) գործեր կամ բանաստեղծությունների շարքեր` տպագրված գրքով կամ պարբերականներում:
Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը հնարավոր է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից www.himnadram.org կամ գործադիր վարչության գրասենյակից: Պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար՝ https://www.himnadram.org/hy/1566295343։ Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար հնարավոր է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին (հեռ. +374 10 52-09-40, էլփոստ՝ a.khachikyan@himnadram.org, Հայաստանի Հանրապետություն, 0024, Երևան, Մարշալ Բաղրամյան 26/1, Հայաստանի Հանրապետութան նախագահի նստավայր)։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 14-ը, իսկ հիմնական 7 անվանակարգերում 2020 թվականի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է հունվարի 31-ին։
Նախորդ մրցանակակիրների մասին տեղեկությունները՝ այստեղ. https://www.presidentprize.am/hy/6։
ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։