Իսլամիստական զինված ընդդիմադիր խմբավորումները շարունակում են ռմբակոծել Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող և Իդլիբի նահանգում սիրիական կառավարական բանակի կողմից վերահսկվող տարածքները:
SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախօրեին ազատագրված Խան ալ-Ասալ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են սիրիական հեռուստաալիքներից մեկի աշխատակիցները՝ թղթակից Շադի Հելվան և օպերատորներ Շարիֆ Աբսն ու Ջորջ Օրֆլանը: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Halab Today TV-ն փոխանցում է, որ այս պահին հակառակորդները հարվածներ են փոխանակում Միզանազ և Քաֆր-Հալեպ բնակավայրերի մոտակայքում:
Rojava Network-ն էլ հաղորդել է, որ քրդերը պատասխանատվություն են վերցրել Հալեպի հյուսիսում գտնվող Բուրջ Հայդարի և Մարեայի շրջանում թուրքական ուժերի դեմ հարձակման համար: Այս հարձակմանը զոհ են դարձել թրքական ԶՈՒ-ի առնվազն յոթ զինծառայողներ:
Մի քանի աղբյուրներ հաղորդում են քրդական Կամիշլի քաղաքի մոտակայքում ԱՄՆ զորախմբի և տեղի բնակիչների միջև սկսված բախման վերաբերյալ, ինչը հերքվել է ամերիկյան կողմից, բայց ԶԼՄ-ները կարողացել են փաստացի ապացույցներ ներկայացնել նկարահանումների տեսքով:
Երեկ մոտավորապես 700 սիրիացի փախստականներ են վերադարձել Սիրայի Դարաա նահանգ՝ լիբանանյան Ջեյդետ Յաբուս և Թել-Կալախ անցակետներով:
Իդլիբի նահանգում շարունակվում են արյունալի մարտերը, բայց բոլոր լուրերը հիմնականում Twitter-ի, կամ մասնավոր այլ անձանց կողմից հրապարակ նետված տեղեկություններ են: Միակ ստույգ տեղեկությունն այս պահին այն է, որ Սիրիայի կառավարությունը, մի քանի բնակավայրերի ազատագրումից հետո, փետրվարի 13-ի լույս գիշերվա դրությամբ վերահսկում էր սիրիական Իդլիբ նահանգի մոտ 65 տոկոսը, ինչը հաստատվում է թե՛ արևմտյան, թե՛ Սիրիայի պաշտոնական, թե՛ արաբական, թե՛ թուրքական աղբյուրներով:
«Այսօր մեր կառավարությունը վերահսկում է նահանգի կեսից ավելին»,- ասել է Իդլիբի նահանգապետ Ֆադի Սադունը, որը ժամանակավորապես գտնվում է հարևան Համա նահանգի մայրաքաղաքում, քանի որ Իդլիբ նահանգային կենտրոնը շարունակում է մնալ զինյալների վերահսկողության ներքո:
Նրա խոսքով՝ Իդլիբի տարածքում այս պահին ապրում է մոտ 1,3 միլիոն մարդ, կան մոտ 70 հազար ջիհադիստներ՝ ներառյալ 40 հազար օտարերկրյա գրոհայիններ, անհայտ թվով թուրք զինծառայողներ:
«Թուրքական հատուկ ծառայությունները աշխատում են այնպես անել, որ չլինեն հակասություններ տարբեր ծագմամբ զինյալների միջև, և նրանք միասին մեր դեմ գործեն»,- ավելացրել է Սադունը:
Անդրադառնալով այս իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցում հայտարարել է, որ Իդլիբում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է հիմնականում թուրքական կողմի վրա, որը մեղադրելով ՌԴ-ին, հենց ի՛նքը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: