Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ՝ 102 կողմ ձայնով, ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սոնա Ղազարյանի ներկայացրած՝ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում, արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք քրեական գործով դատավարության մասնակից են:
Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամ: Հարցաքննության մասնակից են առաջարկում դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է ներառվեն քննչական գործողության արձանագրության մեջ: