Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 76 կողմ, դեմ 16 և 7 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Քվեարկությունից առաջ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկելու է ազատ: «Իմ քայլ»-ի պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին և ընդունումից հետո ստեղծել աշխատանքային խումբ՝ խնդրահարույց հարցերը քննարկելու համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող շանտաժի լեզվով խոսել պատգամավորի հետ, և Առողջապահության փոխնախարարի հայտարարությունը, թե ովքեր դեմ կքվեարկեն, բոլոր մահերը մնալու են նրանց խղճին, անթույլատրելի է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու, կողմ է նաև աշխատանքային խմբի ձևավորմանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկում, բայց կողմ են աշխատանքային խմբի ձևաչափով խնդիրները քննարկելուն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ սա քաղաքակրթական և քաղաքական ընտրության հարց է: «Մենք պատկերացնում ենք չծխող Հայաստան և պատրաստ ենք բոլոր քայլերն անել, որ մի օր հասնենք այդ կետին: Այս օրենքի 90-95 տոկոս դրույթների հետ բոլորը համաձայն են, մյուս կարգավորումները, այո, խնդրահարույց են և հավելյալ քննարկման կարիք ունեն, և այդ մասով եղել են պայմանավորվածություններ: Ես կողմ եմ քվեարկելու նախագծին և անմիջապես սատարելու եմ պատգամավորների՝ այս վիճահարույց կարգավորումների շուրջ աշխատանքային խումբ ձևավորելու ջանքերին»,- ասաց Միրզոյանը: