2019 թ. ընթացքում ՀՀ ՊՆ թեժ գծին ընդհանուր առմամբ ստացվել է 46163 զանգ: 2019-ին ստացված զանգերի թիվը մոտ 12%-ով գերազանցել է 2018 թ. գրանցված ցուցանիշը՝ 41125 զանգ: ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի թվի նշանակալի աճ է գրանցվել հունիս-հուլիս ամիսներին, երբ օրական ստացված զանգերի թիվը հատել է 200-ի շեմը:
ՀՀ ՊՆ թեժ գծին զանգեր են ստացվել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 10245 զանգ՝ ստացված ընդհանուր զանգերի 18%ը:
Ոչ աշխատանքային օրերի ու ժամերի համար համակարգը նախատեսում է հաղորդագրություն թողնելու հնարավորություն, որը հետո ստուգվում է օպերատորի կողմից:
2019 թ. ընթացքում ստացված զանգերի վերաբերյալ միջին վիճակագրական տվյալները հետևյալն են՝
Զանգերի միջին տևողությունը՝ 00:03:41.
Զանգի առավելագույն տևողությունը՝ 01:05:06.
Օպերատորներին միանալու համար սպասելու միջին տևողությունը՝ 00:01:01.
Բաց թողնված զանգերի քանակը՝ արտահայտված տոկոսներով՝ 21%:
Թեժ գծի օպերատորները զանգը ստանալուց անմիջապես հետո այն դասակարգում են ըստ հարցի/խնդրի տեսակի:
2019-ին գերակշռել են տեղեկատվական/խորհրդատվական բնույթի (32%) հարցերը՝ ՀՀ օրենքների, կոնտակտային տվյալների, դիմումների ընթացքի վերաբերյալ և այլ տեղեկատվության տրամադրում: Զանգեր են գրանցվել ժամկետային զինծառայողների առողջական վիճակի հետ կապված խնդիրների, զինծառայողներին զորամասից այլ զորամաս տեղափոխելու խնդիրների, զորամասերում անհրաժեշտ պարագաներ չտրամադրելու, արձակուրդային գումարները չփոխանցելու, ճանապարհածախսը չփոխհատուցելու, սննդի որակի վերաբերյալ: Թեժ գծի օպերատորները զանգերի միջոցով գրանցել են պայմանագրային զինծառայողների և սպաների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդի, տեղափոխումների և ծառայությունից արձակելու, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և ընթացքի վերաբերյալ խնդիրներ:
2019-ին ՀՀ ՊՆ թեժ գծի աշխատանքի արդյունքում բազմաթիվ դեպքեր աշխատանքային կարգով փոխանցվել են ՊՆ ռազմական ոստիկանություն, որոնց հիման վրա նախապատրաստվել են նյութեր:
ՀՀ ՊՆ թեժ գծին ուղղված յուրաքանչյուր բողոք, խնդիր գտնվում է պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության ներքո: