ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է քրեակատարողական ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքի մասին:
«Նպատակներից մի քանիսն արդեն իրագործել ենք. 30 տոկոսով բարձրացրել ենք քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը, 2020 թվականի ընթացքում փուլ առ փուլ բոլոր քրեակատարողական հիմնարկներն անցում կկատարեն սննդի մատակարարման նոր մեխանիզմին, և արդեն այս տարվա հունիսից ծրագիրը կիրականացվի բոլոր ՔԿՀ-ներում: Բարեփոխումներին միտված մեր հաջորդ քայլը ևս կատարեցինք. քրեակատարողական բոլոր հիմնարկները վերազինել ենք անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով: Արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։
Սա հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։
ՔԿՀ-ներում բարեփոխումները շարունակական են լինելու»,- գրել է նախարար Բադասյանը: