ՀՀ տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ բովանդակալից զրույց է ունեցել էներգետիկ համագործակցության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
«Երկուստեք կարևորեցինք Հայաստանի և Վրաստանի էներգետիկ տարանցիկ նշանակությունը տարածաշրջանում: Այս համատեքստում արձանագրվեցին առկա ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:
Անդրադարձանք նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի միջով Հայաստան եկող գազատարի վրացական տարածքում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը:
Զրույցի ընթացքում քննարկեցինք նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` կապված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորությունների հետ»,- գրել է նախարար Պապիկյանը: