Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը քննադատել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացրած պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Աբասն ընդգծել է, որ ըստ այդ ծրագրի, Պաղեստինը զրկված է այն բազմաթիվ շրջաններից, որոնք պահանջում է:
«Այս ծրագիրը ոչ խաղաղություն, ոչ էլ կայունություն կբերի տարածաշրջանին, հետևաբար մենք չենք ընդունում այն և կդիմադրենք դրա իրականացմանը: Մեզ առաջարկում են պետություն, որը նման է շվեյցարական պանրի»:
Աբբասը առաջարկել է Միջին Արևելքում խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային գիտաժողով գումարել, որին կմասնակցեն Պաղեստինի, Իսրայելի, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Եվրոպացի գործընկերների անունից իրավիճակի զարգացման վերաբերյալ մտահոգություն է հայտնել Բելգիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարը: Մինչդեռ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչն ասել է, որ փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն Մահմուդ Աբասի հրաժարականից հետո: