Ազգային ժողովում այսօր քննարկվել է ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի ներկայացրած «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու և «Նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ներկայիս օրենսդրական կարգավորմամբ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում աշակերտները կարող են սովորել միայն անվճար հիմունքներով: Այսինքն՝ պետական միջոցների սղության պատճառով հնարավորություն չի տրվում, որ ավագ դպրոցի փոխարեն միջին մասնագիտական հաստատություններում կրթություն շարունակեն բոլոր ցանկացողները:
«Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,- նշել է Հայրապետյանը:
Նախագծով առաջարկվում է արվեստի ուղղվածություն ունեցող բուհերում այն առարկաները, որոնք չունեն հեռակա ուսուցման հնարավորություն, սովորել 3 տարի: Ավարտելուց հետո ուսանողները կկարողանան առկա ուսումը շարունակեն անմիջապես երկրորդ կուրսում: