Ռուսաստանի քաղաքական գործիչներն արձագանքել են Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիայի հայտարարությանը Ղրիմ ջրի մատակարարման վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է Ղրիմին ջուր տալ՝ Դոնբասի հարցում զիջումների դիմաց: Ըստ Արախամիայի, Կիևը պետք է պահանջի, «որ ռուսական կողմն իր ամբողջ զինուժը հետ քաշի Ռոստով, Ուկրաինան էլ իրականացնի սահմանի հսկողությունը»:
«Ղրիմ ջրի մատակարարման դիմաց Դոնբասի սահմանների հսկողությունն ուկրաինական զինուժին հանձնելու պայմանն անընդունելի է: Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ղրիմի ղեկավարությունը ջրի առևտրով չեն զբաղվում: Մենք պատրաստ ենք ջուր գնել, խնդիրը, սակայն, չկապելով քաղաքականության հետ»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Ղրիմի Հանրապետության Հանրային պալատի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆորմանչուկը:
Մինչև 2014 թվականը Ուկրաինան Հյուսիսային Ղրիմի ջրանցքով ապահովում էր Ղրիմի քաղցրահամ ջրի կարիքների 85%-ը: Ջրանցքով ջրամատակարարումը ամբողջովին դադարեցվեց, երբ թերակղզին Ռուսաստանի մաս դարձավ: Ղրիմի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ բավարար անձրևների բացակայության պատճառով Սիմֆերոպոլում ջրամատակարարումը կարող է սահմանափակվել:
Կիևը շարունակում է պնդել, որ մինչև Դոնբասում կայանալիք ընտրությունները, Մոսկվան Ուկրաինայի զինվորականներին փոխանցի սահմանի հսկողությունը: Ռուսաստանն էլ ուկրաինական կողմին բազմիցս հիշեցնում է, որ Մինսկի համաձայնագրով նախատեսվում են նախ ընտրություններ, ապա՝ որոշում սահմանի հարցով: