Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ Հայաստանի ներկայացրած փոփոխությունների վավերացմանը:
Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ մտնել ոչ միայն պետությունների նախագահներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են որոշում կայացնել Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության շրջանակում գտնվող հարցերի վերաբերյալ:
Կազմակերպության կանոնադրության փոփոխությունները պայմանավորված են 2015-ին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելու նախագահի լիազորությունները փոխանցվել են վարչապետին: