Փետրվարի 11-ին Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։
Հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով անցկացվող արդեն իսկ ավանդական դարձած հավաքները՝ որպես տեղում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Քննարկման օրակարգում էին ինչպես միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, այնպես էլ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ։