Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի հերթական այցը:
Չարենցի անվան 67-րդ դպրոց է այսօր այցելել երգիչ, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը՝ իրազեկելու դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին դրա նշանակության և պատմամշակութային արժեքի մասին: Իսպիրյանը դպրոցի շրջանավարտ է, նրա խոսքով՝ դպրոցում ոչինչ չի փոխել, ամեն բան առաջվա նման է:
Հիշեցնենք, որ որպես առաջին քայլ իրազեկման արշավի անմիջական մասնակիցներ են եղել նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: Նրանք 2019-ի դեկտեմբերին մեկնարկած արշավի ժամանակ նշել էին, որ նպատակն է ոչ ֆորմալ քննարկումների ճանապարհով, լայն հասարակությա ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա:
Իրազեկման արշավի առաջին կանգառները եղել են Վայոց ձորի և Արարատի մարզերը: Այս գործընթացում շատ է կարևորվում նաև Երևանը: Նախարարության նպատակներից է, որ մայրաքաղաքի բնակիչները իրազեկված լինեն այն կառույցի մասին, որտեղ բնակվում կամ աշխատում են: