Կատարի նախկին վարչապետ շեյխ Համադ բին Ջասին ալ-Թանին հայտարարել է, որ Արաբական ծոցի երկրները շուտով Իսրայելի հետ ռազմական գործողությունները բացառող համաձայնագիր կստորագրեն, ինչը կդիտարկվի՝ որպես ամերիկյան խաղաղության նախաձեռնության իրականացման առանձին դրվագ:
«Դեկտեմբերի 14-ին ես արդեն ասել էի, որ «Դարի գործարքը» կհրապարակվի տարվա սկզբին: Դրան կհաջորդի Իսրայելի և Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև կնքվելիք համաձայնագիրը, որին չէին միանում միայն Եգիպտոսն ու Հորդանանը, հնարավոր է, միանար Մարոկկոն»,- հայտարարել է Կատարի նախկին վարչապետը:
Արդեն թոշակառու քաղաքական գործիչը նշել է, որ «Դարի գործարքը» մերժելու՝ Արաբական պետությունների լիգայի միաձայն որոշումը հակասում է տարածաշրջանի շահերին:
«Կան արաբական պետություններ, որոնք Միացյալ Նահանգներին խոստացել էին աջակցել գործարքին, բայց այժմ նրանք իրենց գործողությունները բացատրում են ԶԼՄ-ների ճնշմամբ»,- Համադ բին Ջասին ալ-Թանիի խոսքն է մեջբերում իսրայելական Haaretz-ը:
Ի դեպ, Կատարի նախկին վարչապետն արաբական կառավարություններին մեղադրել է մարտավարական հարցերում սխալվելու մեջ այն դեպքում, երբ Իսրայելը գործում է ռազմավարական՝ երկարաժամկետ պլանավորմամբ:
Հիշեցնենք, որ Իրանից եկող սպառնալիքների համատեղ չեզոքացումը վերջին տարիներին հանգեցրել է Իսրայելի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև էական մերձեցման: Հրեական պետությունը ձգտում է ընդլայնել իր հարաբերությունները բոլորի՝ ներառյալ Եգիպտոսի ու Հորդանանի հետ: Իսրայելցի քաղաքական գործիչները բազմիցս այցելել են տարածաշրջանի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու նույնիսկ Սաուդյան Արաբիան:
2019-ի հոկտեմբերին Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը հայտարարեց, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակցությամբ մեկնարկել է արաբական երկրների հետ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու պատմական նախաձեռնությունը: Ենթադրվում է, որ խոսքը հենց Կատարի նախկին վարչապետի ակնարկած համաձայնագրի մասին է:
Haaretz-ին հայտնի է դարձել, որ նախաձեռնությունը հիմնվելու է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիման վրա բարեկամական հարաբերությունների և փոխգործակցության զարգացման հիմունքների վրա: Ըստ այդմ, վեճերը և հակամարտությունները պետք է լուծվեն խորհրդատվության միջոցով, կողմերը պետք է հրաժարվեն միմյանց դեմ ուղղված դաշինքների անդամակցությունից:
Ավելին՝ պետք է գրավոր ամրագրվի այն սկզբունքը, որ որևէ երկրի տարածքը չի՛ օգտագործվի համաձայնագրի անդամ պետությունների դեմ թշնամական գործողությունների՝ ներառյալ քարոզչության համար: Նման գործողությունների ֆինանսավորման արգելքը նույնպես պիտի համաձայնագրում ամրակայվի: