Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Թումոյի շենք հանդիսացող 25.000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնը իրականացնում է նիդեռլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան:
Հանդիպման ընթացքում Վինի Մաասը ներկայացրել է նախագիծը, ըստ որի, համալիրը բաղկացած է լինելու մի շարք բաղադրիչներից` Թումո լաբորատորիաները, 42 Երևանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ընդհանուր հանգույցներ, համաֆինանսավորվող տարածքներ և կոնֆերանս սրահներ: Համալիրը անմիջապես հարում է նախագծման փուլում գտնվող Մետրոպոլիտենի նոր կայարանի տարածքին: Նախատեսվում է, որ շենքի դիզայնը պատրաստ կլինի այս գարնանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ներկայացրել են իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ և պատրաստակամություն են հայտնել հնարավորինս նպաստել դրա շուտափույթ իրագործմանը:
Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում:
Մաասն արժանացել է նաև ֆրանսիական ամենահեղինակավոր պարգևներից մեկին` Պատվավոր լեգեոնի շքանշանի, Փարիզի քաղաքաշինական զարգացման նախագծի համար: