Խորհրդարանում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց է ուղղել վարչապետին ու խնդրել պարզաբանել սահմանադրական հանրաքվեի հետ կապված վերջին արտահայտությունը, որը դարձել էր տարբեր մեկնաբանությունների և մեղադրանքների առիթ:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր. «Բոլոր նրանք, ովքեր դեմ կգնան ժողովրդի կամքին, կպատժվեն, իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իրավունքը, կլինեն նվիրյալներ»:
Ի պատասխան Գաբրիելյանի հարցին՝ վարչապետն ասաց.
«Մենք մեքենա վառողներ ու շքամուտքերում ծեծողներ չենք: Դա սպառնալիքի լեզու չէր, և ես ուրախ եմ, որ այսօր, մեր կառավարության պայմաններում, նման տոնայնության խոսակցություններ ու քննադատություններ են տեղի ունենում: Երբ որ ես այդ տոնով ժամանակին խոսում էի որպես ընդդիմադիր, կառավարությունը սառում էր: Իսկ հիմա ես կարող եմ կրկնել այն, ինչ ասել եմ մի քանի օր առաջ. ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ: Մի՞թե մեր երազանքը սա չէր:
Երբեք Հայաստանում մամուլի ազատության այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել: Հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն միայն այսօր ակտիվ գործունեություն է ծավալում: Պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել քվեարկություն, երբ ՀՀ-ն մամուլի ազատությամբ աշխարհում 8-րդ տեղն է կիսում Ֆրանսիայի հետ»,- եզրափակել է վարչապետը: