Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշել է, որ շուրջ 45 օր է՝ հանրապետությունում գործում է բալային համակարգը: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ տվյալներ կան, արդյոք պե՞տք է մեքենան անձնական նպատակներով շահագործող վարորդին էլ 9 բալ հատկացնել, ոչ անձնական նպատակով, օրինակ՝ տաքսի ծառայության վարորդին էլ նույնքան տալ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով հարցին, նշել է. «Կարծում եմ՝ մեզ դեռևս պետք կլինի, որ հասկանանք՝ ի՞նչ վիճակագրություն ունենք: Բալային համակարգի ներդրման հետևանքով փաստացի տվյալների վերլուծության հիման վրա որոշ վերանայումներ հնարավոր են, բայց այդ վերանայումները, կարծում եմ՝ պետք է կրկին հիմնավոր լինեն: Չեմ բացառում, որ համակարգը իդեալական չէ, բայց այն սկզբունքները, որով կառուցված է համակարգը, տրամաբանական են և դրական են ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանությանը»:
Ծառուկյանն արձագանքելով պատասխանին նշել է, որ ցանկալի կլինի վերանայումների ժամանակ հաշվի առնել, որ որպես վարորդ աշխատելով հացի փող աշխատողներին չպետք է հատկացվի նույն 9 բալը, ինչ անձնական նպատակով մեքենա վարողներին: