1935 թ. հենց այսօր օրն է Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում ծնվել հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը: Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը:
«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետությունների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ -ի ընտրանին՝ Աշնան արև:
Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ-կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոսկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»:
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժել են: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։
Ընթերցողների շրջանում ակնարկը շատ լավ է ընդունվել։ Մաթևոսյանի հետագա ստեղծագործությունը պետք է առնչվեր գյուղին։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվում էին գյուղական կյանքի պատկերների միջոցով:
1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Մաթևոսյանը գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:
Նոր էր նաև Մաթևոսյանի ոճը։ Դա մեզ ծանոթ, հանգիստ պատումը չէր. ինչ-որ մեկը կարծես լարված խոսում է՝ հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով։
Այս ձևով է Մաթևոսյանն արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը։ Մաթևոսյանը շատ էր սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա, իսկապես, 20-րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով արժանացել է նախկին ԽՍՀՄ պետական մրցանակի։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին: