Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակայի գործով դատական նիստին այսօր շարունակվել է պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկումը։ Բոլոր 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը՝ պնդելով, որ 2008 թ. քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելու հոդված չի եղել, և օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ գործում առկա բոլոր նյութերն իրենց չեն տրամադրվում միտումնավոր, և ներկայացված փաստարկներն ապացուցում են, որ գործը պետք է կարճվի։
Դատախազներն առարկել են՝ շեշտելով՝ միջնորդության հիմքում դրված փաստարկները քաղաքական են, իսկ մեղադրանքն ընդամենը նոր դրույթով սահմանված արարք է, բայց նոր չէ և եղել է նաև 2008 թ. գործող քրեական օրենսգրքում։
Միջնորդութունը մերժելու որոշում կայացնել դատարանից պահանջել է նաև տուժող կողմը՝ հիշեցնելով, որ նույնաբովանդակ միջնորդությունը նախկինում էլ է քննարկվել։
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 13։00-ին։