Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին:
Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում: Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրինք քննարկել՝ ոչ վերջինը: Մենք հույս ունենք շատ անգամներ տեսնել Ձեզ մեր երկրում:
Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ նախորդ մեր երկրների միջև հարաբերություններն ակտիվանում են: Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար:
Ես շատ ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար: Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների հանդեպ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի հանդեպ: Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար, և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»:
Աբդալլահ Երկրորդը նշել է. «Ձերդ գերազանցություն, շատ շնորհակալություն: Ինչպես Դուք ասացիք, մենք շատ հպարտ ենք այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են: Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից, և ինչպես Դուք ասացիք, ես հույս ունեմ, որ սա իմ բազմաթիվ այցերից մեկն է:
Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է, և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմորեն: Մենք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք, և ինձ թվում է՝ դա Դուք էլ կհաստատեք: Ես շատ լավատես եմ ու հիացած Ձեր ընդունելությամբ»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ, և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ, և փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար:
Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ, և իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:
Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:
ՀՀ վարչապետը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը:
Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան: