Ազգային ժողովում այսօր քննարկվել է կառավարության ներկայացրած՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կառավարությունը որդեգրել է համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն: Այն պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ կտրամադրվի ընտանիքի և անձի սոցիալական կարիքներին համապատասխան ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կառավարությունը նպատակ ունի մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը:
«Կառավարության ծրագրին համահունչ՝ կառուցվածքային փոփոխություններ ենք ձեռնարկել, որոնք շատ էական բարեփոխումներ են: Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի այս տարաբնույթ կառույցների գործողությունները և կնպաստի բյուրոկրատական քաշքշուկների կրճատմանը, իսկ շահառուներին կտրամադրվեն որակյալ ծառայություններ»,- նշել է Անդրեասյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե որքան է կազմում ծայրահեղ աղքատությունը, Անդրեասյանը նշել է, որ ծայրահեղ աղքատությունն ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2018 թ. եղել է մեկ տոկոս՝ 30 հազար մարդ, իսկ աղքատությունը՝ 23,5 տոկոս: 2017 թ. համեմատ մեկ-երկու տոկոս նվազում կա: