Washington Post-ը հրապարակել է հոդված «Պուտինը ցանկանում է երկարաձգել սպառազինության վերահսկման պայմանագիրը. ինչի՞ն է սպասում Թրամփը» վերնագրով:
Ժամանակը կանգ չի առնում: Միջուկային սպառազինության վերահսկման վերաբերյալ վերջին պայմանագրի ժամկետն ավարտվում է մեկ տարուց, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այն չերկարացնեն: Փաստաթղթի տապալման դեպքում կստեղծվի սպառազինության մրցավազքի նոր հնարավորություն, ինչը, իհարկե, պետք չէ աշխարհին: Այժմ բոլոր սլաքները սխալ ուղու վրա են:
Սպառազինության վերահսկման պայմանագիրը, որը ԱՄՆ-ին ու Ռուսաստանին ստիպում է 1550-ով կրճատել ռազմավարական միջուկային մարտագլխիկները և 700-ով՝ մատակարարման միջոցները, լրանում է 2021-ի փետրվարի 5-ին: Պայմանագրում ամրագրված է ժամկետը հինգ տարով երկարաձգելու ընթացակարգը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին հորդորել է սկսել դրա իրականացման գործընթացը: Թրամփի վարչակազմն առայժմ չի շտապում այդ հարցում: Ընդ որում՝ պայմանագրի ժամկետի երկարաձգումը բխում է երկու երկրների շահերից. այն ենթադրում է տեղում ստուգումների իրականացում և ապահովում է միջուկային սպառազինության կայունություն:
Պայմանագրի ձախողման դեպքում, կողմերը կարող են ավելացնել միջուկային մարտագլխիկներն ու ստեղծել նոր սերնդի սպառազինություն և մատակարարման նոր համակարգեր:
Վերջին շրջանում Ռուսաստանը պարծեցել էր այնպիսի նոր ծրագրերով, ինչպիսին են գերձայնային հրթիռները: Միաժամանակ, ԱՄՆ-ը հայտարարել էր սուզանավերի բալիստիկ հրթիռների նոր միջուկային մարտագլխիկների ստեղծման մասին: Այս երկու իրադարձությունները սոսկ ակնարկ են, թե ինչ կարող է տեղի ունենալ միջուկային սպառազինության մրցավազքի դեպքում:
Առավել դյուրին կլիներ բանակցություններ վարել նոր պայմանագրի ստեղծման շուրջ, սակայն, կարծես թե, պայմանագրեր կնքելն այլևս նորաձև չէ: Անցյալ տարի Միացյալ Նահանգները դուրս էր եկել 1987-ին կնքված՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից՝ Ռուսաստանի կողմից որոշ խախտումների պատճառով:
Միացյալ Նահանգների վարչակազմի՝ Չինաստանին միջուկային սպառազինության վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ձգտումն արժանի նպատակ է երկարատև հեռանկարում: Սակայն 290 միջուկային մարտագլխիկներ ունեցող Չինաստանը հայտնել էր, որ չի միանա պայմանագրին, քանի դեռ Մոսկվան ու Վաշինգթոնը, որոնց սպառազինությունը շատ ավելի մեծ է, լրջորեն չեն զբաղվել դրանց կրճատմամբ: Այժմ Չինաստանին պայմանագրի կողմ դարձնելու ԱՄՆ-ի պահանջը, ամենայն հավանականությամբ, դիտարկվում է որպես պայմանագրի ժամկետի երկարաձգումից պաշտպանվելու միջոց:
Սպառազինության վերահսկումը քաղաքական կամք է պահանջում: Նման սպառազինությունը, ինչպես միշտ, իր հզորությամբ ինքնին աղետաբեր է: Մի՞թե մենք կորցրել ենք մեր կամքի ուժը՝ այն զսպելու համար, հարցադրում է անում հոդվածագիրը: