Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ նոր անդամների կազմով գործում է արդեն երկու ամիս՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ից, որի գործունեությունը հիմնված է նորարարական մոտեցումների, թափանցիկության, հաշվետվողականության ապահովման սկզբունքների վրա։
-
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման նպատակով հայեցակարգի նախագծում և հանրային քննարկման նախաձեռնում։ Ավելի քան 70 գերատեսչություններից, կազմակերպություններից և անհատներից ստացվել են առաջարկներ, որը Հանձնաժողովի համար մեծ ներդրում է կոռուպցիայի կանխարգելման համատեղ ջանքերի համար։
-
Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքից բխող հայտարարագրերի նոր ձևանմուշների մշակում, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, որի միջոցով բարելավվել է գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և հնարավոր խախտումների արձանագրման մեխանիզմը։
-
Միջազգային փորձագետների աջակցությամբ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության մշակում, որը կկիրառվի 2020 թվականին ներկայացված հայտարարագրերի նկատմամբ։
-
Միջազգային գործընկերների աջակցությամբ պետական կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մշակում, որը թիրախավորում է ներքին ընթացակարգերի, իրավական խնդիրների բացերը, ինչպես նաև քաղաքացուն հասանելի ծառայության որակն ու արդյունավետությունը։
-
Հանրային ծառայողների թեկնածուների, այդ թվում՝ դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման մեթոդաբանության մշակում, որն առաջիկայում՝ մարտ ամսին, կվերջնականացվի եվրոպական փորձի ուսումնասիրման արդյունքներով։
-
Հանրային ծառայողի վարքագծի կանոնագրքի մշակում, որի համար մոտ 35 գերատեսչությունից հավաքագրվել և ուսումնասիրվել են վարքագծի գործող կանոնները։
-
Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման, անհամատեղելիության պահանջների, հայտարարագրերի սխալ լրացման վերաբերյալ քննարկվել է 8 դիմում, և հարուցվել է 2 վարույթ, այդ թվում վարույթ է հարուցվել նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:
-
Հանձնաժողովի գործունեությանը առավելապես առնչվող մի շարք օրենքների փոփոխությունների վերաբերյալ կարծիքի ներկայացում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, «Դատական օրենսգրքի» և հարակից 12 օրենքների փոփոխության վերաբերյալ, որի միջոցով չեզոքացվում են Հանձնաժողովի գործունեության հնարավոր խոչընդոտները։
-
Անհատներից և տարբեր մարմիններից հասցեագրված ավելի քան 20 դիմումի արձագանք։
-
Պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձևավորում։
-
Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանականերում ՏԻՄ համակարգում քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբում ներգրավածություն, որի արդյունքում նախատեսվում է կատարելագործել վարքագծի կաոննները։
-
Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբում ներգրավվածություն, որի միջոցով կխթանվի Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։
Հանձնաժողովը զուգահեռաբար զբաղված է կառուցվածքային ձևավորման և կայացման գործընթացով, որը ներառում է շենքային պայմանների կարգավորումը, գույքի ձեռքբերման գործընթացի համակարգումը, կանոնադրության և կառուցվածքի մշակումը, աշխատակազմի պաշտոնների նկարագրությունների կազմումը, աշխատակազմի համալրման նպատակով մրցութային հարցաշարերի մշակումը, կադրերի ներգրավումը և այլն։
Իր գործունեության իրականացման շրջանակներում Հանձնաժողովը բաց է և իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը համարում են առաջնային, ունեն առարկայական առաջարկներ, այդ թվում նաև նորարարական մոտեցումներ և մեթոդաբանություն՝ կոռուպցիան մեր իրականությունից արմատախիլ անելու համար։
Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է 4 անդամով։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հանձնաժողովին հատկացված տարածքը դեռ շահագործման պատրաստ չէ, ինչի պատճառով աշխատակազմն ամբողջ ծավալով դեռևս չի ձևավորվել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին։