Ազգային ժողովում այսօր քննարկվել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի և Կարեն Սարուխանյանի ներկայացրած՝ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախգիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել «խնամակալության նպաստ» հասկացությունը, ինչի շնորհիվ օրենքով կկարգավորվի խնամակալներին որոշակի աջակցության տրամադրումը: Ն. Զեյնալյանն ընդգծել է, որ շահառուների ամենախոցելի խումբը մինչև 14 տարեկան՝ ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաներն են, ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցող երեխաները՝ թվով 433 հոգի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մինչև 14 տարեկան երեխաների խնամակալներին որոշակի աջակցության տրամադրումը համահունչ է Կառավարության քաղաքականությանը:
«Այն մարդիկ, որոնք ունեն տեղաշարժման որոշակի խնդիրներ, նրանք ունեն կյանքի որակի, մատչելի միջավայրի ապահովման խնդիր, իսկ այն մարդիկ, որոնք իրականացնում են այդ մարդկանց խնամքը, կարիք ունեն ընտրության հնարավորության՝ կա՛մ իրենց ցանկությամբ շարունակել խնամքը իրականացնել, կա՛մ աշխատանքային գործունեությամբ զբաղվել: Եթե խոսում ենք բյուջեում հավելյալ միջոցների ներգրավման մասին, ապա առաջարկում ենք դա իրականացնել այն քաղաքականության շրջանակում, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը»,- մասնավորապես ասել է Անդրեասյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը նաև նշել է, որ անձնական օգնականի ծառայությունը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին: «Այսպիսով նաև պետության միջոցների ծախսի տեսանկյունից մենք ունենում ենք ավելի արդյունավետ մոդել, երբ անձնական օգնականի ծառայությունն իրականացնող մարդիկ, ստանալով աշխատավարձ, նաև ապահովում են հարկային մուտքեր պետական բյուջե: Հնարավորություն ենք ընձեռում հաշմանդամություն ունեցող անձի խնամքը իրականացնող անձին նույնպես զբաղվել աշխատանքային գործունեությամբ»,- նշել է Ժ.Անդրեասյանը: