«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ այն վերաբերում է բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ արտաբալանսում պահվող ժամկետնանց պարտավորություններին:
«Գիտեք, որ տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են, և սրանց մասով բանկերն ու վարկային կազմակերպությունները ունենում են խնդիրներ հարկային օրենսդրության հետ: Համաձայն ԿԲ-ի հաշվետվության՝ ժամկետնանց վարկերը կազմում են 13 տոկոս, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8 տոկոսը: Առաջարկել ենք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն, որը հնարավորություն կտա առանց հարկային պարտավորությունների՝ իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ: Սա նաև կնպաստեր վարկերի տոկոսների նվազեցմանը»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանի ներկայացրած նախագծին, սակայն, խորհրդարանի մեծամասնությունը դեմ քվեարկեց, 40 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով նախագիծը մերժվեց: