Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին:
Հանդիպմանը Գլխավոր տնօրեն Յոնգը բարձր է գնահատել տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները և արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ընդգծելով կառույցի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի նախաձեռնություններին:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է կազմակերպության դերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև հաստատված բազմամյա համագործակցության, համատեղ ծրագրերի բաերհաջող իրականացման առնչությամբ՝ ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է կառույցի հետ փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը:
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ներդրումների և արտահանման խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կառավարման և ագրոմշակման ոլորտներում UNIDO-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ արտգործնախարարը Գլխավոր տնօրեն Յոնգի ուշադրությանն է ներկայացրել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Կառավարության զարգացման օրակարգում նախարար Մնացականյանը որպես առաջնահերթություն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկուստեք կարևորվել է արդյունաբերության առանձին ոլորտներում նորարարության և բարձր տեխնոլոգիաների ներուժի և ընձեռած հնարավորությունների լիարժեք կիրառումը: