ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին:
Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Նախապատրաստական դասընթացի միջոցով նախազորակոչային տարիքի երիտասարդներին գիտելիքներ կփոխանցվեն տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որոնց շնորհիվ զինակոչիկներն առավել պատրաստված կլինեն նորաստեղծ «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու համար։
«1991 ստորաբաժանման» կազմավորման նպատակն է ՀՀ զինված ուժերի տեխնոլոգիական գերակայության, զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը:
ՀՀ զինված ուժերում նոր հատուկ միավորի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ: