Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող՝ Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության արդյունքն են:
«Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել: