Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին:
Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այս այցելությունն առավել կզորացնի երկու երկրների միջև հարաբերությունները՝ մեծապես նպաստելով հետագա սերտ գործակցությանը:
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հաստատել է հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերած հոգատար վերաբերմունքը որպես ձևավորված բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Այս առումով Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ այդ վերաբերմունքի և հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի արտահայտության նշան է համարում նաև 2000 թվականին Երուսաղեմ դեպի տերունակոխ սրբավայրեր կատարած իր ուխտագնացության ժամանակ Հորդանան այցի ընթացքում իրեն՝ Հորդանանի բարձրագույն շքանշանի շնորհումը:
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են վերգտնել իրենց բնականոն կյանքը Հորդանանում՝ գալիքի հանդեպ հույսով ու լավատեսությամբ իրենց օգտաշատ ներդրումը բերելով երկրի առաջընթացին:
Անդրադառնալով պատմական հանգամանքների բերումով ձևավորված հայկական մեծ սփյուռքի և զանազան մշակույթների ու կրոնների կողքին ապրելու իրողությանը՝ Նորին Սրբությունը մեծապես կարևորել է նաև սերտ համագործակցությունը տարբեր երկրների հոգևոր առաջնորդների միջև՝ կրոնական զգացումների չարաշահումներից, այդ հիմքով հակամարտություններից և անհանդուրժողականության դրսևորումներից հասարակությունները զերծ պահելու համար: Այս տեսանկյունից Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ Հայաստանի և Հորդանանի միջև հարաբերությունները և Հորդանանի հայ համայնքի կյանքը կարող են եղբայրության և խաղաղ համակեցության լավագույն օրինակը լինել շատ ազգերի համար՝ քրիստոնեություն-իսլամ և այլ միջկրոնական հարաբերությունների կառուցման գործում:
Իր հերթին Նորին Վսեմություն թագավոր Աբդալլահ Երկրորդն ուրախություն հայտնել է հանդիպման առիթով՝ խոսելով մասնավորաբար քրիստոնյա ու իսլամ ժողովուրդների փոխհարաբերությունների և այդ առնչությամբ իր նախնիների դավանած համոզումների մասին։
Անդրադառնալով հայ համայնքի կարևոր դերակատարությանը Հորդանանում և Մերձավոր Արևելքի երկրներում՝ թագավոր Աբդալլահ Երկրորդը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ կապերի զարգացմամբ կզորանա նաև Հորդանանի հայ համայնքը։ Հորդանանի թագավորը վերահաստատեց նաև իր պատրաստակամությունը՝ շարունակելու զորակցությունը Հայոց Եկեղեցուն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը։
Նորին Վսեմությունը նշել է, որ Հայաստանն ու Հորդանանը համագործակցության շատ հնարավորություններ ունեն և այդ հարաբերությունների զարգացման առումով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն իր հայացքն ուղղում է դեպի հաջորդ հարյուրամյակը:
Թագավոր Աբդալլահ Երկրորդը նաև մտահոգությամբ խոսեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, քրիստոնեական ներկայության նվազման խնդրի և մասնավորապես Սիրիայում հայկական համայնքի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել անհրաժեշտ զորակցությունը հայկական քրիստոնեական ներկայության պահպանման ուղղությամբ։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ մաղթեց, որ Աստված օրհնի բոլոր խաղաղասիրական ջանքերը ի սեր խաղաղ և համերաշխ կյանքի։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հորդանանի թագավորին բարեմաղթել է արդյունավոր գահակալություն՝ ի փառս Հորդանանի Հաշիմյան թագավորության առաջընթացի և Հորդանանի ժողովրդի բարօրության: