Փետրվարի 11-ին լրանում է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան 91-ամյակը: Աշխարհի 49 պետություններում մրցումների մասնակցած, 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալ նվաճած Ազարյանի մարզական նվաճումները միասին կշռելու դեպքում մի քանի տասնյակ կիլոգրամանոց ավար կլինի:
Ալբերտ Ազարյանը մեծացել է Կիրովականում, որտեղ տղաները բավականին լուրջ զբաղվում էին ուժային մարզաձևերով՝ ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ: Քանի որ շուտ էր կորցրել հորը, 14 տարեկանից սկսել էր աշխատել որպես դարբին:
Ազարյանին շատ են փորձել համոզել լրջորեն զբաղվել ծանրամարտով, սակայն չի հաջողվել: Նրա հաղթանդամ մարմնի կառուցվածքը մի թերություն ուներ` իրանը բարակ էր, և մեջքը դրանից շատ էր ցավում: Երբ Ազարյանը տեղափոխվեց Երևան և ընդունվեց մարմնամարզական տեխնիկում, սկսեց կանոնավոր պարապել մարմնամարզությամբ:
16 տարեկանում նա հարյուրավոր այլ մարմնամարզիկների ու մարզիկների հետ Մոսկվա մեկնեց համամիութենական հավաքի: Երբ Ազարյանի հերթը եկավ, նրան ուշադիր նայեցին հանձնաժողովի անդամները և խնդրեցին հանել շապիկը: Որոշվեց՝ հենց Ազարյանն է շքերթի ժամանակ տանելու հանրապետության դրոշը:
1951 թվականին նա սպորտի վարպետ դարձավ, իսկ երեք տարի անց, համաշխարհային առաջնությունում հաղթելով, նաև վաստակավորի կոչում ստացավ: Մարմնամարզության մեջ Ազարյանի սիրած գործիքներից էին օղակները, որոնք էլ հենց նրան լեգենդ դարձրին: Հարցն այն չէր, որ մյուս մարզագործիքները նրան նվաճել չէր հաջողվում, պարզապես օղակներն ամենասիրածն էին: Իսկ հայտնի «Ազարյանի օղակը» ինքն իրեն ստացվեց 1953 թվականին Լենինգրադի մրցումների ժամանակ, աշխարհի առաջնության նախաշեմին:
«Վարժությունը կատարել ինձ հաջողվեց, և նախքան այն ավարտելը որոշեցի հերթով բոլոր մրցավարներից իմանալ՝ արդյոք բավակա՞ն է պահելը, թե՞ ոչ: Սկզբում հարցրի առջևում նստածներից երկուսին, այնուհետև շրջվեցի ու հարցրի ևս երկուսին` հետևում: Ահա այդպես էլ ստացվեց այն խաչը: Ինձ ինչ-որ պահի նույնիսկ որոշեցին որակազրկել, քանի որ վարժություն կատարելու ժամանակ խոսելը կանոնների լուրջ խախտում է, սակայն մրցավարների կոլեգիայից ինչ-որ մեկը հանկարծ հայտնեց, որ ես առաջին անգամ այդ վարժությունը նորովի կատարեցի. այնպես, ինչպես դեռ ոչ ոք չէր կատարել, և ինձ ներում շնորհեցին»,- հիշել է լեգենդար մարզիկը:
Մելբուռնի Օլիմպիական խաղերում Ազարյանը չեմպիոն դարձավ օղակներ մարզաձևում և թիմային մրցումներում: Այդ երկու մեդալներին նա ավելացրեց ևս մեկը՝ չորս տարի անց, Հռոմում: Ազարյանի խաչի մասին հիացական արձագանքներ եղան թերթերում, այդպիսիք փոխանցվում էին նաև բերնեբերան:
Սուխումի նախաօլիմպիական հավաքի ժամանակ, որակավորման մրցումներում, Ազարյանը զրո միավոր ստացավ, և մարզիչները հայտնեցին, որ իմաստ չունի նրա Հռոմ մեկնելը: Մեկ օրվա ընթացքում նա գերակատարեց որակավորման միավորների պլանը, իսկ ապշած մարչական շտաբը հերթական անգամ ներառեց նրան հավաքականի կազմում: Եվ չսխալվեց:
Հռոմի հանդիսատեսը, Ազարյանի կատարած խաչի մասին մամուլում գրածից հիացմունքից շնչահեղձ լինելով, սպասում էր այդ տեսարանին: Ազարյանը նրանց նման հնարավորություն ընձեռեց. օղակներից կախված՝ նա անհավանական թեթևությամբ օդ բարձրացավ, ձեռքերը շրջեց տիտանական ուժով և կատարեց հայտնի խաչը. ձախ կողմում, այնուհետև՝ աջ կողմում: Այդ ամենը, իհարկե, ուղեկցվում էր նույն ժպիտով, որին կարող էր նախանձել ցանկացած հոլիվուդյան օսկարակիր: Իսկ խորհրդային հավաքականի մարզիչներն այդ պահին, հավանաբար, հիշում էին Սուխումը, երբ նման տրիումֆի մասնակից դառնալը գրեթե հավասարվել էր զրոյի: