Ռուսական Росатом պետական կորպորացիան հաջողությամբ հաղթահարեց Սաուդյան Արաբիայում երկու ատոմակայանների կառուցման մրցույթի ընտրության երկու փուլերը: Այս մասին Al Arabia հեռուստաալիքին ասել է ընկերության Մերձավոր Արևելքի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Վորոնկովը:
Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ բացի իր երկրից՝ Պարսից ծոցում ռեակտորների կառուցման առաջարկներ են ներկայացվել նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից ու Չինաստանից: Նա նաև հաստատել է, որ ռուսական ընկերությունն այս ոլորտում համագործակցության պայմանագրեր է կնքել ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների, այլև Թունիսի, Ալժիրի և Սուդանի հետ: Կոնկրետ Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին:
Հիշեցնենք, որ 2018-ին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է ինքնուրույն ուրան հարստացնել:
2019-ին էլ Bloomberg-ը հաղորդեց, որ միապետությունը տարվա կեսին ավարտել է առաջին հետազոտական ռեակտորի շինարարությունը: Ռեակտորը, ըստ նույն աղբյուրի, տեղեկայված է Ռիադի ծայրամասում գտնվող գիտատեխնիկական կենտրոնում, որն անվանակոչվել է Սալման թագավորի պատվին:
Ընդգծենք, որ ցայսօր Սաուդյան Արաբիան չի ստորագրել որևէ համաձայնագիր, որով կպարտավորվեր միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով: Նոր օբյեկտը նույնպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո չէ: