ՀՀ վարչապետի որոշմամբ և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվում են քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ: Խումբը համալիր գնահատում է տեսչական մարմնի և դրա տարածքային ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության վիճակը։
ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների ղեկավարությամբ ԱԱՏՄ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Միջոցառումների նպատակն է բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել քաղաքացիական պաշտպանության շտաբների, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարիքները:
Գնահատման արդյունքները կամփոփվեն ակտում, որի հիման վրա կպլանավորվեն և հնարավորին չափ սեղմ ժամկետերում կշտկվեն քաղաքացիական պաշտպանության համակարգի էական խնդիրները:
Միջոցառումների ընթացքում առարկայորեն քննարկվում են արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցեր:
ԱԱՏՄ-ում և դրա տարածքային ստորաբաժանումներում այս միջոցառումները կանցկացվեն մինչև փետրվարի 14-ը։
Պետական կառավարման մարմիններում այսօրինակ միջոցառումներ անցկացվում են պարբերաբար։