Փետրվարի 10-ը սիրված երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բելլա Դարբինյանի ծննդյան օրն է: Հարազատ Կիրովականում (այժմ` Վանաձոր) բոլորը համոզված էին, որ նրան մեծ օպերային ապագա է սպասում: Նա հավատարիմ էր երգին՝ մանկությունից մինչև կյանքի վերջին օրերը: Երևանի կոնսերվատորիայում սովորել է Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: Ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և երկու տարի սովորել է Մեծ թատրոնի ստուդիայում: Այդ ստուդիայում ուսանելու հնարավորություն եզակի մարդկանց էր հաջողում. ստուդիայից հետո ուղիղ ճանապարհ էր բացվում դեպի ԽՍՀՄ-ի ամենամեծ օպերային բեմը: Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և շատ ուրիշ օպերային դերերգերով: Սակայն հետագայում նախընտրել է էստրադային երգչուհու ուղին: 1966 թ. ընդունվել է Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհի, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի: Նույն թվականին էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ և արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Կատարել է նաև ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ և արժանացել բարձր գնահատականի հայ երգարվեստի մեծերի կողմից: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2003 թ. վերջին համերգներով եղել է ԱՄՆ-ում: Մահացել է Երևանում:
Բելլա Դարբինյանը որպես օպերային երգչուհի կարող էր փայլուն կարիերա անել, սակայն նա ամեն ինչ թողեց ու վերադարձավ Երևան: Հետո ծանր տարիներ էին, նա կարոտում էր բեմն ու հանդիսատեսին: Եվ նա բեմ վերադարձավ 1997 թվականին Ամերիկայում, որտեղ աննկարագրելի ջերմ ընդունելության արժանացավ: Ամերիկան նոր շունչ տվեց Բելլա Դարբինյանին, որտեղ նա նաև երկու ձայներիզ թողարկեց:
Ամենասիրված ու ճանաչված երգերն են` «Յար առանց քեզ», «Ծառերը ծաղկում են», «Մանուշակաձոր», «Օջախում»: