Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է, և ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը մեր երկրում կենտրոնացած է հիմնականում առևտրային բանկերի միջոցով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերը նշված ոլորտներում մեր երկրում տեղի ունեցող միտումները վկայում են՝ առկա են զարգացման լայն հնարավորություններ և տարեցտարի ֆինանսների ներգրավման անհրաժեշտությունը մեծանալու է: «Այսինքն՝ համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ողջունել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ու հայասատանյան առևտրային բանկերից մեկի միջև 10 մլն դոլարին համարժեք վարկային նոր համաձայնագրի ստորագրումը, միջոցների ուղղումը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: