Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ 1lurer.am-ը սկսում է նոր շարք՝ ներկայացնելով մեր հերոսներին:
100 տարի առաջ՝ փետրվարի 10-ին, ծնվել է Խորհրդային Միության հերոս, գնդապետ Վազգեն Միքայելի Հովհաննիսյանը: Խորհրդային բանակի լավագույն հետախույզներից մեկին հիշում են նաև այսօր:
Օգանեսովն իր ճանապարհը սկսել է Բաքվի ավիաակումբում՝ աստիճանաբար տիրապետելով ավիացիոն տեխնիկային: 1940 թվականից ծառայել է կարմիր բանակում, ավարտել է ռազմական ավիացիոն օդաչուների դպրոցը, այնուհետև ծառայել Իրանում գտնվող խորհրդային զորքերում, որից հետո փոխադրվել է Ղրիմի ռազմաճակատ՝ մասնակցելով Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, Կուրսկի ճակատամարտին, Լեհաստանի ազատագրմանը:
1941 թ. դեկտեմբերից կրտսեր լեյտենանտ Օգանեսովը Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում ծառայել է 347-րդ օդային գնդում: Հրամանատարությունը նրան համարում էր 16-րդ Օդային բանակի լավագույն հետախույզ: Վազգեն Հովհաննիսյանն ընդգրկված էր «Ստալինյան բազեներ» սիմվոլիկ խմբի կազմում, ինչպես ավանդաբար կոչում էին խորհրդային օդուժի հերոսներին: Պատերազմի ամբողջ ընթացքում նա կատարել է 324 հաջողված մարտական թռիչքներ, 75 օդային մարտերում անձամբ խոցել է 23 ինքնաթիռ: Այդ ընթացքում նրա ինքնաթիռը խոցվել է միայն մեկ անգամ:
Վազգեն Օգանեսովն իր վերջին մարտական թռիչքը կատարել է Բեռլինի մարտերի ժամանակ: Հաղթանակի նախօրեին պետք էր կանխել պաշարված Բեռլինից հիտլերյան ռեյխի՝ գերմանական ղեկավարության թռիչքը՝ անձամբ Հիտլերի գլխավորությամբ: 1945 թ. ապրիլի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ, կորցնելով բոլոր օդանավակայանները Բեռլինում և նրա շրջակայքում, գերմանական բարձրագույն հրամանատարությունը թռիչքի և վայրէջքի համար պատրաստվում է օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր պողոտան:
Օդուժի մարշալ Ռուդենկոն պատմում է. «Սավիցկիի զեկույցից անմիջապես հետո ես կանչեցի իմ տեղակալ գեներալ Սենատորովին և բանակի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Բրայկոյին: Միասին որոշեցինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ. հետախուզել տարածքը, օդանավակայանի ճշգրիտ դիրքը, եղած օդանավերի քանակը, զենիթային միջոցները: Նման հանձնարարություն կարող էին կատարել միայն փորձառու հետախույզները: Տվեցին ավագ լեյտենանտ Օգանեսովի անունը: Ես լավ գիտեի այդ անվախ օդաչուին: Իր հաշվին մինչև պատերազմի ավարտը կար գրեթե երեք հարյուր մարտական թռիչք, նա անցկացրել էր ավելի քան 70 օդային մենամարտ, այդ թվում՝ խոցել էր թշնամու երկու տասնյակ ինքնաթիռ»:
Երկու ժամ չանցած ղեկավարությունը ստացավ ճշգրիտ տեղեկություն օդային հետախուզությունից: Նրանք բացահայտել էին երկու ծածկված թեթև տրանսպորտային ինքնաթիռ, որոնք գտնվում էին այգու մուտքի մոտ և պահպանվում էին տանկերով: Որոշվել էր անմիջապես ռմբակոծել և հարձակվել օդանավակայանի վրա, որը պայմանականորեն անվանեցին «կայսերական»:
Ավագ լեյտենանտ Օգանեսովը կամավոր էր դարձել թիրախը ցույց տալու հարցում: Նա թռչում էր ցածր բարձրության վրա, գրեթե շենքերի տանիքների վրայով: Եվ ահա, ցույց տալով ինքնաթիռներն ու տանկերը, հերթը հասավ ռմբակոծիչներին, որոնք րոպեների ընթացքում վերացրին դրանք, սակայն անհանգիստ Օգանեսովը որոշեց շրջադարձ կատարել և համոզվել, որ օդանավակայանը վերածվել էր մետաղի կույտի: Նա շտապեց հաղորդել ռադիոյով. «Ծրագրի նպատակը ոչնչացված է: Առաջադրանքը կատարված է...»: Հանկարծ նրա ձայնը կտրվեց. թշնամու արկերից մեկը խոցել էր Օգանեսովի ինքնաթիռը, իսկ ինքը վիրավորվել էր: Սակայն, փորձը և տոկունությունը օգնեցին օդաչուին ապահով իջեցնել ինքնաթիռը: Ավելի ուշ, այդ հերոսության համար նրան շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:
Պատերազմից հետո օդաչուն շարունակում է ծառայել ԽՍՀՄ օդային ուժերում: 1956 թ. գնդապետ Վազգեն Օգանեսովը թոշակի է անցնում: Ապրում էր Բաքվում: 1990-ին Վազգեն Հովհաննիսյանն ընտանիքով փախչում է՝ փրկվելով Բաքվի հայկական ջարդերից: Հայաստանում նրա տաղանդն ու փորձը օգնեցին նորաստեղծ հայկական բանակին և նա սկսեց զբաղվել հայ օդաչուների վերապատրաստմամբ: Լեգենդար օդաչուն մահացել է 1993-ի մայիսի 23-ին՝ 73 տարեկանում: