Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվել են Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (խոսք՝ Աշոտ Գրաշու‚ էպիգրաֆներ՝ Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի‚ մենակատարներ՝ Բերճ Քարազյան՝ տենոր‚ Հովսեփ Նշանյան՝ բարիտոն‚ Սամվել Թոփալյան՝ ասմունքող) և Կանտատ հայրենիքի մասին ստեղծագործությունը (խոսք՝ Աշոտ Գրաշու և Սարմենի‚ մենակատարներ՝ Գրետա Բագիյան՝ մեցցո սոպրանո‚ Գրիգոր Աբրահամյան՝ բարիտոն)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Բերճ Քարազյանը նշեց‚ որ ազգային ակադեմիական երգչախումբը պարբերաբար անդրադառնում է Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ գործերին և՛ Հայաստանում‚ և՛ նրա սահմաններից դուրս։ «Իմ երկացանկում ևս ընդգրկված են Ալ. Հարությունյանի ստեղծագործությունները։ Ես մասնակցել եմ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրությանը‚ այն ներկայացրել ենք նաև Լոնդոնում‚ որտեղ մեծ ընդունելության արժանացավ։ Եվ Ալեքսանդր Հարությունյանի հանճարը հենց դա է՝ օպերայի ժանրում համադրել Սայաթ-Նովայի աշուղական երաժշտությունը և արևմտաեվրոպական սիմֆոնիկ մտածողությունը։ Ալեքսանդր Հարությունյանը հայ մեծագույն սիմֆոնիստներից է‚ և այդ համադրությունը նա կատարել է շատ ճաշակով ու նուրբ։ Նա 20-րդ դարի մեր կոմպոզիտորական արվեստի մեծագույն վարպետներից է»‚- ասել է Բերճ Քարազյանը։
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի հետագա համերգներին կներկայացվեն տարբեր ժանրերի ստեղծագործություններ Ալեքսանդր Հարությունյանի հարուստ ժառանգությունից։ Փառատոնի շրջանակներում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր։
Հիշեցնենք‚ որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այն կյանքի է կոչվում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։