Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով` armed.am կայքի միջոցով։
Պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։