Առողջության առաջնային օղակի ամրապնդումն ու զարգացումը առաջնահերթություն է: 2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն:
70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվել է 146 մլն դրամ: 2020-ին, ի դեպ, այս ցուցանիշը 2018-ի համեմատ եռապատկվել է՝ կազմելով
215 մլն: Սա աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար:
«Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, վաղ հայտնաբերումով ախտորոշել հիվանդությունները, որպեսզի դա չդառնա քրոնիկական, ավելի չբարդանա, որպեսզի մեր քաղաքացիները ստիպված չլինեն դիմել արդեն հիվանդանոց»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
2019 թ. երևանյան պոլիկլինիկաները համալրվել են տասը տեսակի 325 սարքավորումով:
«1984 թ.-ից այս կողմ մեր տեխնիկան չէր թարմացվել: Ընթացքում փոփոխություններ, վերանորոգումներ արվել էին, բայց չէր թարմացվել: Իսկ սա մեզ համար ուղղակի հեքիաթ է»,- ասել է «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը:
«Իհարկե, անմիջական ազդեցություն ունի և՛ պոլիկլինիկայի նկատմամբ հիվանդների վստահության բարձրացման գործում, և՛ ավելի ճշգրիտ, ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու գործում»,- նկատել է «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Սաթենիկ Բադալյանը:
Առողջապահության ոլորտում համակարգային բարեփոխումները, ըստ առաջնահերթության, կշարունակվեն նաև այս տարի: Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում պոլիկլինիկաներին 12 տեսակի 128 բուժսարքավորում կհատկացնի:
Այսօր առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ այս տարի ևս մի շարք համաբուժարաններ կվերանորոգվեն: 2020-ին, ըստ պլանի, ամբողջությամբ կավարտվի նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր ենթակայանների վերանորոգման ծրագիրը: