Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» չի ընդունել Աֆրիկյան միությունը՝ այն համարելով անօրինական: Կազմակերպության հանձնաժողովի ղեկավար Մուսա Ֆակի Մահամաթը հայտարարել է, որ ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի և Աֆրիկայի միության բազմաթիվ բանաձևեր, պատրաստվել է առանց միջազգային խորհրդատվությունների և «ոտնահարում է պաղեստինյան ժողովրդի իրավունքները»: Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոզան էլ, որը մեկ տարով ընտրվել է Աֆրիկյան միության նախագահ, Թրամփի խաղաղության ծրագրի իրականացումը համեմատել է ապարտեիդի ժամանակաշրջանում իր երկրի իրավիճակի հետ:
ԱՄՆ նախագահի ծրագիրը քննադատել է նաև Եվրամիությունը, իսկ Պաղեստինի առաջնորդները կտրականապես մերժել են այն և խզել հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ: Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մտադիր է հասնել ծրագիրը քննադատող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հաստատմանը: