Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն ալ Հուսեյն ալ Հաշիմին:
Նախագահի նստավայրում տեղի կունենա Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաև «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթով:
Այցի ընթացքում Հորդանանի թագավորը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան կհյուրընկալի Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: