Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Գործող օրենքով՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող, վերջին 8 տարվա ընթացքում բուհերում «իրավունք» առարկա առնվազն 5 տարի դասավանդած կամ գիտական աշխատանք կատարած անձը կարող է դատավոր դառնալու հայտ ներկայացնել:
Նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը պարզաբանել է, որ առաջարկվում է պահանջը փոխել և հանել դասավանդման հատվածը: Այսինքն՝ կարող են դիմել նաև այն իրավաբանները, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց աշխատում են մասնագիտական, հետբուհական կրթական հաստատություններում, օրինակ՝ արդարադատության ակադեմիայում:
Հանձնաժողովի անդամները օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որոնք Արման Բաբաջանյանն ընդունել և խոստացել է հանձնաժողովին ներկայացնել արդեն լրամշակված տարբերակը: